Ֆրանսիան պատմականորեն հավատարիմ է հայկական ժառանգության պահպանությանը, պաշտպանությանը և արժևորմանը, ինչի վկայությունն է նրա գործունեությունը հնագիտության ոլորտում, որը սկսվել է 19 -րդ դարում Ժակ դե Մորգանի կողմից Ախթալայում կատարված պեղումներով: Ֆրանսիան Հայաստանի անկախացումից ի վեր ոլորտում իր ներդրումն է ունեցել Կովկասի և Էրեբունու հնագիտական առաքելությունների միջոցով։
Ֆրանսիայի և Հայաստանի միջև Հանրապետության Նախագահ պարոն Էմանուել Մակրոնի ցանկությամբ երկկողմ հարաբերությունների խորացման շրջանակներում դեսպանատունը հանձնառու է ամրապնդել իր գործունեությունը ժառանգության ոլորտում: Ազգային Ժառանգության ինստիտուտի և Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ 2022 և 2023 թվականներին կստեղծվի FSPI՝ նորարարական ծրագրերի աջակցության հիմնադրամ՝ աջակցելու Հայաստանին իր ժառանգության պաշտպանության, պահպանման և արժևորման գործում:
Դեսպանատունը նաև ուղեկցում և աջակցում է հայկական ժառանգության պահպանության և արժևորման գործում ներգրավված մի քանի դերակատարների, այդ թվում` Էրեբունու թանգարանին, Հայաստանի ազգային պատկերասրահին կից Rochemp կենտրոնին և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին։ Այսպիսով, դեսպանատան աջակցությամբ Էրեբունի թանգարանի և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենները կարողացան մեկնել Ֆրանսիա՝ Ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված մասնագիտական առաքելության շրջանակներում։ Այցի ընթքցում նրանք հանդիպեցին իրենց ֆրանսիացի գործընկերներին և քննարկեցին համատեղ ծրագրերի հեռանկարները։
2021 թվականի սեպտեմբերի 18 –ին Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում դեսպանությունն աջակցեց Էրեբունի թանգարանին և համագործակցության արդյունքում հանրությանը ներկայացվեց Էրեբունի և Կարմիր բլուր տեղանքների եռաչափ պատկերներից բաղկացած երկլեզու գիրք, իսկ այցելուներին առաջարկվեց ֆրանսերեն լեզվով այցելությունների և միջոցառումների ծրագիր: