
Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը
Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրն այս տարի նշվեց նոյեմբերի 24-ին՝ կրելով « Ֆրանսերենի ուսուցիչը ապագայի կերտողն է» խորագիրը:
Այս առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը որոշեց ջերմ մթնոլորտում համախմբել Հայաստանի ֆրանսերենի ուսուցիչներին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն շնորհավորեցին միջոցառմանը ներկա ուսուցիչներին ֆրանսերենի դասավանդմանն ի նպաստ իրենց ներդրած ամենօրյա ջանքերի համար:
Խրախուսանքի արժանացան նաև Հայաստանում ֆրանսերեն լեզվի խթանման բոլոր դերակատարները:
Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը նշելու նպատակով՝ Կայուն զարգացման հայկական հիմնադրամը դեսպանության հետ մեկտեղ կազմակերպել էր մրցույթ․ բազմաթիվ դպրոցների աշակերտներ պատրաստել էին տեսանյութեր՝ ի պատիվ ֆրանսերենի իրենց ուսուցչի։ Մրցույթի հաղթողները շահեցին ֆրանսերեն գրքեր։
Դեսպանը և տիկին Անդրեասյանը հայտարարեցին Հայաստանում ֆրանսերենի ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացման մասին, մասնավորապես՝ ուսուցիչների վերապատրաստումների տեսքով։