Ambassade de France en Arménie
09 Հունվար 2023

Հայ-ֆրանսիական ձմեռային դպրոց

Երկուշաբթի օրը՝ հունվարի 9-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հանդիպեց Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Sciences Po) Դիժոնի մասնաճյուղի (Sciences Po Dijon) 19 ուսանողների հետ իրենց ղեկավարի ուղեկցությամբ, որ Հայաստան էր եկել Երևանի պետական համալսարանի և Դիժոնի Sciences Po-ի նախաձեռնությամբ կազմակերպված ձմեռային դպրոց ծրագրի շրջանակներում։ 

Դեսպանատանը տեղի ունեցած ընդունելությանը ներկա էին նաև Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ։ Դեսպանության ֆինանսական աջակցությամբ իրականացվող այս նախագծի նպատակն է Դիժոնի Sciences Po-ի ուսանողներին հնարավորություն տալ լավագույնս ճանաչել և հասկանալ Հայաստանի, տարածաշրջանի և հետխորհրդային տարածքի քաղաքական ու աշխարհաքաղաքական, ինչպես նաև սոցիալական, մշակութային և տնտեսական իրավիճակը։

Մեկշաբաթյա տևողությամբ ձմեռային դպրոցի շրջանակում անցկացվում են դասախոսություններ, սեմինարներ, կլոր սեղաններ, հասարակական կազմակերպությունների և քաղաքական  կառույցների հետ հանդիպումներ, ինչպես նաև այցելություններ թանգարաններ։