Ambassade de France en Arménie
17 Մարտ 2021

Ֆրանկոֆոնիայի մշակութային օրեր 2021

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ուրախ է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի 2021թ․ մշակութային միջոցառումների ծրագիրը։ Ֆրանսերեն լեզվին, ֆրանսիական լուսանկարչությանը, կինոյին, թատրոնին և երաժշտությանը նվիրված միջոցառումները տեղի կունենան մարտ և ապրիլ ամիսներին՝ համաճարակային անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ։

Ֆրանկոֆոնիայի մրցույթներ մարտի 20-ից ապրիլի 13-ը

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա մեկնարկը կտրվի մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի մրցույթներով, որոնց կարող են մասնակցել 15-ից 25 տարեկան ֆրանսախոս հայ երիտասարդները։ Նրանց կառաջարկվի պատրաստել առավելագույնը 3 րոպեանոց տեսանյութեր 2021 թվականի մրցույթի թեմայի շուրջ՝ « Dis-moi dix mots qui (ne) manquent pas d’air » (Ասա տաս բառ, որտեղ օդի պակաս (չ)կա)։ Տեսանյութերը պետք է ուղարկել մարտի 20-ից ապրիլի 13-ը։ « Jeunes adultes » (երիտասարդ չափահասներ) և « spécialistes de langue française » (ֆրանսերենի մասնագետներ) կատեգորիաների հաղթողները կշահեն ուղևորություն դեպի Ֆրանսիա իսկ « lycéen » կատեգորիայի հաղթողը կստանա էլեկտրոնային սարքավորում։
Մրցույթի կանոնները հասանելի են՝ www.culturefrance.am կայքում։

Լուսանկարների ցուցահանդես 2021թ․մարտի 23-ից ապրիլի 18-ը

2021թ․մարտի 23-ից ապրիլի 18-ը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, FETART գեղարվեստական կոլեկտիվի կողմից կազմակերպվող CIRCULATION(S) ֆրանսիական ամենամյա փառատոնի և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, հրավիրում է «Ապրողները։ Խաչվող հայացքներ․ֆրանսիական և հայկակակն ժամանակակից լուսանկարչություն » խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին, որը տեղի կունենա Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում, հասցեն՝ Երևան, Աբովյան փող․13։

Մուտքն ազատ է։

Ցուցահանդեսը կներկայացնի ֆրանսիացի և հայ հինգ երիտասարդ լուսանկարիչների՝ Անն-Սոֆի Օկլերի, Շառլ Թիեֆենի, Ալեքսի Պազումյանի, Սոնա Մնացականյանի և Կարեն Խաչատուրովի գործերը, որոնք ներկայացնում են նրանց պատկերացումները ժամանակակից Ֆրանսիայի և Հայաստանի մասին։
Ֆրանսիայի դեսպանության հրավերով ցուցահանդեսի ֆրանսիացի լուսանկարիչներն ու հանձնակատարները կժամանեն Հայաստան՝ իրենց հայ գործընկերների հետ շփվելու և հայ երիտասարդ լուսանկարիչների համար մասնագիտական սեմինարներ կազմակերպելու նպատակով :

Մասնագիտական սեմինարներ և հանդիպումներ
• Երեքշաբթի, մարտի 23-ին, ժամը 12-ից -16-ը՝ պորտֆոլիոների դիտում հայ փորձագետների և FETART կոլեկտիվի ֆրանսիացի հանձնակատարների հետ (նախնական գրանցմամբ)
• Երեքշաբթի, մարտի 23-ին, ժամը 16-ին`Կլոր սեղան լուսանկարիչների կոլեկտիվների մասին (4Plus, Ֆոտոլուր, Fetart/Circulation(s), Գեղագիտության ազգային կենտրոնի ներկայացուցիչների և Կարեն Միրզոյանի հետ), Միրզոյան գրադարանում
Այց ցուցահանդես լուսանկարիչների ուղեկցությամբ
• Երեքշաբթի, մարտի 23-ին, ժամը 19-ին՝ այց ցուցահանդես լուսանկարիչներ Անն-Սոֆի Օկլերի, Ալեքսի Պազումյանի և Շառլ Թիեֆենի ուղեկցությամբ
• Ուրբաթ, ապրիլի 2-ին, ժամը 19-ին` այց ցուցահանդես լուսանկարիչներ Սոնա Մնացականյանի և Կարեն Խաչատուրովի ուղեկցությամբ
Ֆրանսիական համալսարանի և Գեղարվեստի ակադեմիայի մի խումբ ուսանողներ ցուցահանդեսի ողջ ընթացքում կուղեկցեն այցելուներին։

Ֆրանսիական երաժշտության համերգ, մարտի 24-ին ժամը 19-ին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ կազմակերպել է « Pour la France - avec amour » (Ֆրանսիայի համար՝ սիրով) համերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորներ Կամիլ Սեն-Սանսի, Ժորժ Բիզեի, Ժյուլ Մասնեի և Շառլ Գունոյի օպերաներից :

Ֆրանսիական երաժշտության համերգ, մարտի 31-ին ժամը 19-ին

« Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ » խորագրով համերգ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախումբի կողմից։ Համերգը կկայանա մարտի 31-ին, ժամը 19։00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում։

Ֆրանկոֆոն կինոյի 4-րդ փառատոն, ապրիլի 6-ից 13-ը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կազմակերպած Ֆրանկոֆոնիայի օրերի ավանդական կինոհանդիպումը՝ Ֆրանկոֆոն կինոյի փառատոնն արդեն չորրորդ տարին է կազմակերպվում Հայաստանում։
Շվեյցարիայի, Կանադայի և Բելգիայի դեսպանությունների հետ գործընկերությամբ, ժամանակակից 10 ֆրանկոֆոն ֆիլմ կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնում։
Կատակերգություն, դրամա, վավերագրական, անիմացիոն և այլ ֆիլմեր։ Յուրաքանչյուրն այստեղ կգտնի իր ճաշակին համապատասխան ֆիլմ։

Մանրամասն ծրագիրը հասանելի է կայքում և սոցիալական ցանցերում։
Փառատոնի բացումը՝ երեքշաբթի, ապրիլի 6-ին, ժամը 19-ին կցուցադրվի Ալեքսի Միխալիկի « Էդմոն » ֆիլմը (Ֆրանսիա, 2019թ․)
Չորեքշաբթի, ապրիլի 7-ին, ժամը 19․00 – Մարտեն Տալբոյի « Անրի, Անրի» ֆիլմը (Կանադա, 2014թ․)
Հինգշաբթի, ապրիլի 8-ին, ժամը 19․00 – Ֆիլիպ Ֆալարդոյի « Պարոն Լազար » ֆիլմը (Կանադա, 2011թ․)
Ուրբաթ, ապրիլի 9-ին, ժամը 19․00 – Ռեմի Բըզանսոնի « Անրի Պիկի առեղծվածը» ֆիլմը, (Ֆրանսիա, 2018թ․)
Շաբաթ, ապրիլի 10-ին, ժամը 15․00 – Միշել Օսելոյի « Դիլիլին Փարիզում » անիմացիոն ֆիլմը (Ֆրանսիա, 2018թ․)
Շաբաթ, ապրիլի 10-ին, ժամը 19․00 – Վենսան Սորելի « Կինոգործիչը տիեզերագնաց է » վավերագրական ֆիլմը (Le cinéaste est un cosmonaute) (Ֆրանսիա, 2018թ․)
Կիրակի, ապրիլի 11-ին, ժամը 16․00 – Յակոբ Բերժեի « Դիմակազերծվածները » (Շվեյցարիա, 2018թ․)
Կիրակի, ապրիլի 11-ին, ժամը 19․00 – Գիյոմ Սենեզի «Մեր մարտերը » (Բելգիա, 2018թ․)
Երկուշաբթի, ապրիլի 12-ին, ժամը 19․00 – Անտուան Ռուսբախի « Աշխատողները » (Շվեյցարիա, 2019թ․)
Փառատոնի փակումը, երեքշաբթի, ապրիլի 13-ին, ժամը 19․00 – Նիկոլա Բեդոսի « Հիանալի դարաշրջան » ֆիլմը (Ֆրանսիա, 2019թ․)

Մուտքն ազատ է։

Ֆիլմերը հայերեն կամ ռուսերեն ենթագրերով են։
Ֆիլմերի ցուցադրությունը կկազմակերպվի անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ։

Փառատոնի առիթով, ռեժիսոր Վենսան Սորելը կժամանի Հայաստան՝ ներկայացնելու հռչակավոր հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական աշխատանքի գործընթացը պատկերող « Կինոգործիչը տիեզերագնաց է » վավերագրական ֆիլմը և մասնակցելու նախադիտմանը։ Ապրիլի 10-ին, ֆիլմի ավարտից հետո, տեղի կունենան քննարկումներ Վենսան Սորելի և Արտավազդ Փելեշյանի հետ։
Շրջաններում՝ Միշել Օսելոյի « Դիլիլին Փարիզում » անիմացիոն ֆիլմը կցուցադրվի նաև Գյումրիի՝ Կազա կենտրոնում ապրիլի 10-ին։

Ֆրանկոֆոն ֆիլմերի 4-րդ փառատոնի բացառիկ հովանավորն է Ամունդի ընկերությունը։ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն, որպես Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի չորրորդ թողարկման էքսկլյուզիվ հովանավոր, հանդիսանում Ֆրանսիան և Հայաստանը կամրջող ընկերություն և այդպիսով մասնակցում Ֆրանկոֆոնիայի զարգացմանը:

« Այս միջոցառումը դրական նոտա կհաղորդի մի մեծ լսարանի՝ հնարավորություն տալով հենց Երևանի սրտում հաղորդակցվել ֆրանկոֆոն ժամանակակից մշակույթին » նշել են ընկերությունից:
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ - ը իր 3 կենսաթոշակային ֆոնդերի միջոցով կառավարում է ավելի քան 200 միլիարդ դրամ ակտիվ * ։
*Կառավարման ներքո ակտիվները 15/03/2021թ. դրությամբ։

Saté-Âtre թատերախմբի հյուրախաղերը ապրիլի 9-ից 21-ը
Saté-Âtre թատերախումբը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում և կներկայացնի « Սասնա Ծռեր » հայկական էպոսի հիման վրա բեմականացված երաժշտական ներկայացումը։
Երևանում, Գորիսում, Գյումրիում և Գավառում հայ հանդիսատեսը կարող է բացահայտել այս ներկայացումը, որը միջմշակութային երկխոսություն է և որտեղ տարբեր ծագում ունեցող դերասանները, հեքիաթասացները, երաժիշտները ձեզ կտանեն ճանապարհորդության Կովկասից Աֆրիկա: Ներկայացվելու է երեք երգ՝ Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր և Սասունցի Դավիթ:

Ներկայացումը ֆրանսերեն է՝ հայերեն ենթագրերով։
Մուտքն ազատ է։

Տարիքային սահմնանափակում՝ 8+

Հյուրախաղերի օրացույց
Երեքշաբթի, ապրիլի 13 –ին, ժամը 15․00՝ Սևանի մշակույթի կենտրոն
Չորեքշաբթի, ապրիլի 14-ին, ժամը 17․00՝ Գավառի Լևոն Քալանթարի անվան թատրոն
Հինգշաբթի, ապրիլի 15-ին, ժամը 17․00՝ Տիրամայր Հայաստան Արհեստի դպրոցի դահլիճ
Շաբաթ, ապրիլի 17-ին, ժամը 17․00 ՝ Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան թատրոն
Երկուշաբթի, ապրիլի 19-ին, ժամը 19․30՝ Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
Հյուրախաղերի շրջանակում, Համազգային թատրոնը կներկայացնի Ֆլորիան Զելերի երկու պիես՝ Satéâtre թատերախմբի բեմականացմամբ։
-  Ապրիլի 19-ին, ժամը 19․00՝ Ֆլորիան Զելերի « Որդին », թատերական ընթերցումներ
-  Ապրիլի 20-ին, ժամը 18․00՝ Ֆլորիան Զելերի «Հայրը », գրքի ներկայացում և թատերական ընթերցումներ։

Ֆրանսիական երաժշտության համերգ, ապրիլի 20-ին ժամը 19-ին
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան կազմակերպում է դասական երաժշտության համերգ, ծրագրում՝ ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգը կկայանա ապրիլի 20-ին, ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։