Ambassade de France en Arménie
23 Մարտ 2021

Լուսանկարչական ցուցահանդես << Ապրողները։ Խաչվող հայացքներ․ Ֆրանսիական և հայկական ժամանակակից լուսանկարչություն >>

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, FETART գեղարվեստական կոլեկտիվի կողմից կազմակերպվող CIRCULATION(S) ֆրանսիական ամենամյա փառատոնի և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, հրավիրում է 2021թ․ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կազմակերպվող լուսանկարչական ցուցահանդեսին:

 

«Ապրողները։ Խաչվող հայացքներ․ Ֆրանսիական և հայկական ժամանակակից լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսը կներկայացնի հինգ երիտասարդ ֆրանսիացի և հայ լուսանկարիչների՝ Անն-Սոֆի Օկլերի, Շառլ Թիեֆենի, Ալեքսի Պազումյանի, Սոնա Մնացականյանի և Կարեն Խաչատուրովի գործերը, որոնք ներկայացնում են նրանց պատկերացումները ժամանակակից Ֆրանսիայի և Հայաստանի մասին: «Այս ցուցահանդեսը վկայում է փնտրտուքների ընդհանրության մասին։ Առողջապահական և քաղաքական ճգնաժամերից փոթորկված համընդհանուր մթնոլորտում՝ ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում, կենսական շունչը չի կորչում, այն ամենուր է։ Միակ կարգախոսը՝ պատկերացնել հետոն, հակառակ և ի հեճուկս ամեն ինչի։ Միշտ ապրել ավելին, ավելի լավ, այլ կերպ՝ պարզապես ողջ մնալ չնայած փոթորկին։ » Հատված FETART կոլեկտիվի՝ցուցահանդեսը ներկայացնող տեքստից։

 

Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանսիական մշակույթի տարածումը խրախուսող Ֆրանսիայի դեսպանությունը նպատակ ունի, ճգնաժամով պայմանավորված այս դժվարին հանգամանքներում, արտահայտվելու տարածք տրամադրել երիտասարդ լուսանկարիչներին  ։

Ցուցահանդեսի կազմակերպման շրջանակում դեսպանության գործընկերներն են

 

CIRCULATION(S) փառատոնը  կազմակերպվում է Fetart ասոցիացիայի կողմից, որը ստեղծվել է 2005 թվականին`երիտասարդ լուսանկարիչներին խրախուսելու նպատակով և ներկայումս ունի շուրջ հիսուն կամավոր:

Circulation(s)-ը Եվրոպայում զարգացող լուսանկարչությանը նվիրված փառատոն է: Փարիզում, Ֆրանսիայի այլ քաղաքներում և արտերկրում փառատոնը ամեն տարի բացահայտում է երիտասարդ ստեղծագործության կենսունակությունը և ցուցահանդեսների և եզակի իրադարձությունների միջոցով պաշտպանում լուսանկարչական ձեռագրերի բազմազանությունը: Սա արտիստների համար ցատկահարթակ և ժամանակակից ստեղծագործական հեռանկարային և նորարարական լաբորատորիա է: Փառատոնը 10 տարվա ընթացքում դարձել է լուսանկարչության համար պարտադիր հանդիպման վայր և միտումներ բացահայտող իրադարձություն: Իր ստեղծման օրվանից՝ 2011 թվականից, փառատոնը ներկայացրել է ավելի քան 400 լուսանկարիչների աշխատանքներ և ունեցել ավելի քան 300000 այցելու՝ միաժամանակ լինելով սիրված և խստապահանջ իրադարձություն:

 

Փառատոնի մասին մանրամասները` https://www.festival-circulations.com

 

Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը կրթության, գեղանկարչական ցուցահանդեսների, երաժշտության տարածման և կենդանի կատարման վայր է: Երևանի Աբովյան 13 հասցեում տեղակայված Գեղագիտության ազգային կենտրոնը ներառում է պատկերասրահ և թատրոն, որտեղ հանդես են գալիս բազմաթիվ ժամանակակից հայ և օտարերկրացի արվեստագետներ:

 

Կենտրոնի մասին մանրամասները` http://nca.am

 

Լուսանկարիչների և Երևանում ցուցադրված նրանց լուսանկարների շարքիներկայացում

 

Անն-Սոֆի Օկլեր – Ֆրանսիա

«Ամպրոպի ժամանակ խորհուրդ չի տրվում լճում լողալ» (2019)

«Ինչու՞ փորձել անցնել լիճն ամպրոպի ժամանակ»

 

Կենսագրություն

Անն-Սոֆի Օկլերը ֆրանսիացի արվեստագետ է, նա ծնվել է 1992 թվականին։ Ավարտելով լուսանկարչության և գրաֆիկական դիզայնի բաժինը, նա իրականացնում է վավերագրական և գեղարվեստական մի աշխատանք, որը հարցականի տակ է դնում պատկերների, ժամանակի և հիշողության հետ մեր կապը։ Սկսելով և ապա կտրվելով կոնկրետ դեպքից` նա ստեղծում է փոխաբերական և գաղափարական բեմականացված պատկերներ ։

 

Շարքի նկարագրություն

Ինչու՞ ամպրոպի ժամանակ փորձել հատել լիճը։ Միթե՞ սա «անկման ցանկությունն» է, որի մասին խոսում է Միլան Կունդերան գլխապտույտի մասին հիշատակելիս։ «Ամպրոպի ժամանակ խորհուրդ չի տրվում լճում լողալ» շարքը պատմում է այն լարվածության մասին, որը մեզ ստիպում է խաղի մեջ մտնել մահվան հետ` մեզ ապրող զգալու համար։ Մարմնի վրա այդ էներգիայի հետքերն ընկալելու համար Անն-Սոֆի Օկլերը լուսանկարել է ռետինե ճոպանից կախված հարյուր ութսուն մետր բարձրությունից ցած նետվող մարդկանց։ Նրանց դեմքերն արտահայտել են մի տեսակ արբեցություն, լքվածություն և զմայլվածություն՝ շփման վտանգավոր սահմանին մտենալիս, ինչն էլ հենց հմայում և կախարդում է մեզ։    

 

Շառլ Թիեֆեն - Ֆրանսիա

«Թահրիր – Անհնազանդություն» (2019)

 

Կենսագրություն

Ծնունդով Ռուբեից, 1991 թվականին ծնված Շառլ Թիեֆենը ֆրանսիացի անկախ լուսանկարիչ և լրագրող է, ով բնակվում է Փարիզում և Իրաքում։ Նախքան 2013թ. լրագրության դպրոց տեղափոխվելը, նա ուսանում է ճարտարապետություն։ 2015թ. մեկնում է Իրաքի հյուսիս, որտեղ սկսում է բռության զոհ դարձած տարածաշրջանի առօրյա կյանքը պատկերող լուսանկարչական շարք։ Իր վավերագրական աշխատանքը շարունակելու նպատակով, երկու տարի անց հաստատվում է այնտեղ։

 

Շարքի նկարագրություն

2019 թվականի նոյեմբեր․ ցուցարարները փորձում են հասնել Ալ-Ահրար կամրջին` Իրաքի մայրաքաղաքի ամենաանվտանգ թաղամաս` կանաչ գոտի տանող առանցքներից մեկը։  Դիմացից, օրինական իշխանությունները, զինյալների օգնությամբ, կրակում են մարտական փամփուշտներ և կիրառում արցունքաբեր գազով գերծանր նռնակներ։ Արդյունքում զոհվում է ավելի քան 600 մարդ, 20 000-ը՝ վիրավորվում։

Այս շարքում ինձ համար հետաքրքրական էր իմանալ Թահրիրի երիտասարդների ֆիզիկական վերաբերմունքն այդ բռնությանը։ Այստեղ կա ուրախություն, վախ, ընկերություն, հուզմունք, տխրություն։ Յուրաքանչյուր մարմին կարծես յուրովի է պաշտպանվում վտանգից։ Ոմանք առճակատման են գնում։ Մյուսներն անտարբեր են: Բոլորը կանգնած են մի վտանգի առջև, որը լավագույն ապագայի փնտրտուքն է:

 

Ալեքսի Պազումյան– Ֆրանսիա / Հայաստան

«Սև պարտեզ» (2016-2020)

 

Կենսագրություն

Ալեքսի Պազումյանը 1988 թվականին ծնված ֆրանսահայ լուսանկարիչ և ռեժիսոր է։ Նա աշխատում է սոցիալական վավերագրական ֆիլմի ժանրում, որի առանցքում հանրությունից դուրս մնացած համայնքներն են։ Ռիոյի աղքատ թաղամասերից մինչև Միացյալ Նահանգներ, իսկ բոլորովին վերջերս նաև` Սիբիր ու Հայաստան. նրա աշխատանքի հիմքում մարդկության, ինքնության և հանրության հասկացություններն են։

Լեռնային Ղարաբաղի մասին նրա նոր վավերագրական ֆիլմը 2020թ. դեկտեմբերին հեռարձակվել է ֆրանսիական Արտե հեռուստաալիքով։

 

Շարքի նկարագրություն

Ալեքսի Պազումյանի լուսանկարների շարքը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի` վիրավոր այդ տարածքի կյանքի տարօրինակ իրականությունը։ Ամենուր պատերազմի սպիներն են։ Գտնվում ենք մի բավական տարօրինակ միջավայրում` «սառեցված հակամարտության» կիզակետում, որը յուրաքանչյուր պահի կարող է կրկին բռնկվել։ Ուստի, ինչպե՞ս պատկերացնել առօրյան, երբ ապրում ես հավերժ անորոշության մեջ` մշտապես կանգնած պատերազմի վտանգի աջև։ Եվ ինչպե՞ս է ազդում գոյության այդ ձևը տեղանքի մշակույթի, ավանդույթների, ճարտարապետության վրա։

2016թ. մեկնարկած այս նախագիծը փորձում է հասկանալ տարածաշրջանի բնակիչներին, անկախության համար մղվող նրանց պայքարը և ինչու՞ են նրանք տարիներ ձգվող դժվարություններին շարունակում ապրել այդ տարածքում։ Չէ՞ որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծ մասի համար այնտեղ ապրելը պարզապես դիմադրության ակտ է։

 

Սոնա Մնացականյան- Հայաստան

« Օրագրեր Վանաձորից » (2019)

 

Կենսագրություն

Սոնա Մնացականյանը հայ ռեժիսոր և ինքնուս լուսանկարիչ է՝ ծնված 1999 թվականիին։ Այսօր նա օգտագործում է լուսանկարչությունն ու կինեմատոգրաֆիան որպես արտահայտման միջոց՝ զարգացնելու իրեն շրջապատող և իր ուշադրությունը գրավող տարբեր թեմաներ՝ խորապես կապված մնալով իր տարածքին։ 

 

Շարքի նկարագրություն

Խորհրդային տարիներից հետո, փակ գործարաններ ունեցող Վանաձորը, Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը, երբեք չի վերականգնվել։ Երկրի հյուսիսային մասում գտնվող ու լեռներով շրջապատված քաղաքն աշխարհից այնպես է կտրվել, որ ժամանակի ընթացքում ձեռք է բերել Հայաստանի ամենահուսահատ քաղաքներից մեկի համբավը :

 

Այսօր շատ երիտասարդներ են ապրում և ստեղծագործում Վանաձորում։

«Օրագրեր Վանաձորից» լուսանկարների շարքի միջոցով Սոնա Մնացականյանը փորձել է հասկանալ, թե ինչպես է քաղաքն ազդում այդ երիտասարդների վրա և ինչպես նրանք՝ քաղաքի վրա։ Նրանցից մի քանիսին հետևելով՝ լուսանկարիչն ստացել է ոչ միանշանակ պատկեր. ոմանք ցանկանում են հեռանալ, իսկ ոմանք էլ գտել են իրենց ներդաշնակությունն այստեղ :

 

Օրագրերի տեսքով ներկայացված շարքը ներկայացնում է երիտասարդների մտորումներն այս առանձնահատուկ քաղաքի հետ հարաբերություններում :

 

Կարեն Խաչատուրով- Հայաստան

« Նվիրվում է տատիկին » (2020)

 

Կենսագրություն

Կարեն Խաչատուրովը հայ լուսանկարիչ և ռեժիսոր է՝ ծնված 1992թվականին։ Իր սյուրռեալիստական լուսանկարչությամբ նա ստեղծում է թատերականին սահմանակից տեսարաններ: Առօրյայից ծնված լուսանկարներ, որոնք պատմում են պատմություններ՝ ինչ-որ տեղ անհասկանալի և տեղափոխում մեզ Կարենի աբսուրդային, նույնիսկ արբեցնող աշխարհը:

Մինչ օրս լուսանկարչի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում և միջազգային հարթակներում (Թբիլիսի, Թել Ավիվ, Պեկին, Շենժեն, Տորոնտո, Սիդնեյ, Նյու Յորք) և բազմաթիվ անգամներ տպագրվել ամսագրերում և պարբերականներում (VintEDGE, Vogue, The Guardian, Fisheye Magazine, Konbini…)։

 

Շարքի նկարագրություն

Հնարավոր չէր անտեսել դատարկությունն ու մենակությունը, կորուստն ու կոտրվածության զգացումը : 50 տարվա համատեղ կարեկցանք, ուրախություն, ժպիտներ ու երբեմն նաև մռայլ հայացքներ : Ահա թե ինչպես է Կարեն Խաչատուրովն իր պապի փորձով մեզ հաղորդակից դարձնում սիրած էակի կորստին։ Ի՞նչ անել նրա փոխարեն։ Ինչպե՞ս շարունակել ապրել, իմանալով, որ ամեն անգամ արթնանալիս կամ քնելիս բախվելու ես խավարին և նրա բացակայությունից մնացած դատարկությանը։ Կարեն Խաչատուրովը մեզ ներկայացնում է «Նվիրվում է տատիկին » շարքը, որը պատմում է միայնության դեմ իր պապիկի պայքարը կնոջ՝ Կարենի տատի մահից հետո։